Դեկտեմբերի 11-ին 87 տարեկան հասակում մահացել է հայտնի օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայան։ Այս մասին հայտնել են երգչուհու Օպերային երգի կենտրոնից։

Գալինա Պավլովնա Վիշնեւսկայան բացառիկ ռուս երգչուհի  է (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի։  1944 թվականից երգել է Լենինգրադի օպերետի թատրոնում, ապա 1952-ից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատար՝ այդ բեմում տալով ավելի քան 30 ներկայացում։

Խորհրդային Միության տարիներին հակադրվել է իշխանություններին, օգնություն ցույց տալով գրող Ալեքսանդր Սոլժենիցինին։ 1974 թվականին  Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ միասին հարկադրված է լքել Խորհրդային Միությունը։  Երգել է աշխարհի խոշորագույն բեմերում (Քովենթ Գարդեն, Մետրոպոլիտեն-օպերա, Գրանդ-օպերա, Լա Սկալա, Մյունհենյան օպերա եւ այլն), կատարումներ է ունեցել բացառիկ երաժիշտների հետ՝ Ռոստրոպովիչի, Հերբերտ ֆոն Կարայանի, Օտտո Կլեմպերերի, Նիկոլայ Գյաուրովի, Նիկոլայ Գեդոյի, Պլասիդո ԴոմինգոյիԴիտրիխ Ֆիշեր Դիսկաուի եւ այլոց հետ։

1990-ական թվականների սկզբներին վերադարձել է Ռուսաստան, դարձել է Մոսկվայի կոնսերվատորիայի պատվարժան պրոֆեսոր։ 2002 թվականին Մոսկվայում բացել է Գալինա Վիշնեւսկայայի Օպերային երգի կենտրոնը։