Սեռական փոքրամասնությունները, որոնք նախկինում լուռ հալածվում էին աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների կողմից, աշխատանքի հրավեր են ստացել ԿՀՎ-ից: Ամերիկյան հետախուզությունը հայտարարել է, որ գեյերն ու լեսբուհիներն այժմ կարող են դառնալ իսկական գործակալներ:
ԿՀՎ-ն փորձն սկսել է Մայամիից: Գերատեսչությունում արդեն նույնասեռական զույգերին վերաբերող ծրագրեր կան, հայտնում է «Ռոսբալտը»:
Երկար տարիներ ԿՀՎ-ն եւ դաշնային այլ գերատեսչություններ նույնասեռականներից ապահով հեռավորության վրա են գտնվել, մինչեւ որ նախագահ Քլինթոնը 1995թ. նրանց նկատմամբ ճնշումները դադարեցնելու հրամանագիր ստորագրեց:
Գեյ-լրտեսներին հանդուրժելու փորձն սկսվում է: Մինչդեռ ԿՀՎ-ի շատ աշխատակիցներ թերահավատորեն են վերաբերվում նախաձեռնությանը: «Սառը պատերազմի» վետերանները կարծում են, որ նույնասեռականները սպառնում են անվտանգությանը, քանի որ հեշտությամբ կարող են շանտաժի զոհ դառնալ:





























