«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը վաղը` դեկտեմբերի 12-ին դիմելու է Սահմանադրական դատարան` թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով:
Ստեփան Սաֆարյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դիմումը ներկայացնելու է այսօր՝ դեկտեմբերի 11-ին: «Իմ եւ այլ իրավաբանների հաշվարկով պետք է որ դեկտեմբերի 11-ը լիներ ընտրությունների արդյունքների հրապարակմանը (դեկտեմբերի 7-ին է թիվ 1 ԸԸՀ-ն հրապարակել որոշումը եւ հաշվարկը կատարել էին այդ օրը ներառած) հաջորդած 5-րդ օրը: Սակայն ՍԴ-ում ասացին, որ խոսքը վերաբերում է այդ օրվան հաջորդող օրվանից հաշված 5-րդ օրվան, ինչին համապատասխան էլ դիմումը կընդունվի դեկտեմբերի 12-ին:
Այսպիսով, դիմումը ՍԴ կհանձնվի դեկտեմբերի 12-ին, հետեւաբար դրա տեքստը նույնպես կտարածվի այդ օրը»,- գրել է Սաֆարյանը Facebook-ի իր էջում:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթանակ էր տարել հանրապետական Ռոբերտ Սարգսյանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























