Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման դադարեցումը սպասելի էր, քանի որ բանակցությունների արդյունքում կողմերը Ադրբեջանի պատճառով այդպես էլ արդյունքի չհասան: Այս մասին NEWS.am-ին ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով կայանի շահագործումը դադարեցնելու եւ ռուսական կողմի նոտայի մասին տեղեկությունները:
Միաժամանակ նա ընգծեց, որ կայանն օրեցօր առավել մեծ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի համար, քանի որ «սառը պատերազմը», ըստ ամենայնի, վերադառնում է եւ նման կայանների անհրաժեշտությունը եւս մեծանում է: «Սակայն հարցը միայն կայանը չէ: Փաստորեն Ադրբեջանը Ռուսաստանին վերջնականապես դուրս հանեց իր տարածքից եւ դա բավականին կոշտ կերպով արեց: Զրկվելով Գաբալայի կայանից, Ռուսաստանը փաստորեն զրկվում է Ադրբեջանում իր վերջին հենակետից»,-նշեց փորձագետը:
Նրա խոսքով` Գաբալայի ՌՏԿ-ն նոր փոխարինողի կարիք ունի Հայաստանի կամ Ռուսաստանի տարածքում: Սակայն հարցը միայն տեխնիկական չէ: Այստեղ ավելի շատ քաղաքական խնդիր է` հաշվի առնելով Իրանի շուրջ իրավիճակը եւ Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայումը: «Կարծում եմ, Ռուսաստանը մինչեւ վերջ չի գիտակցել, ով է իրականում Ադրբեջանը»,-եզրափակեց ռազմական փորձագետը:




























