Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` դեկտեմբերի 11-ին որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:  Նշենք, որ վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխվել է 2011 թ. սեպտեմբերին` նվազեցվելով 0.5 տոկոսային կետով:

ԿԲ հաղորդագրության մեջ նշված է, որ 2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ գտնվելով նպատակային ցուցանիշին մոտ:

Արձանագրվել է, որ արտաքին հատվածում պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակի պահպանվել հիմնարար լարվածությունը: Այս պարագայում, ներքին գների վրա արտաքին հատվածի ազդեցությունը կլինի թույլ գնաճային:     

ԿԲ խորհրդի գնահատմամբ` հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում պահպանվել են մասնավոր ծախսումների բարձր աճի տեմպերը: Միաժամանակ, տեղի է ունեցել տրանսֆերտների բարձր աճ եւ հարկաբյուջետային քաղաքականության առավել զսպող ազդեցություն համախառն պահանջարկի վրա: Արդյունքում, ՀՀ տնտեսությունից ակնկալվող ազդեցությունը ներքին գների վրա եղել է թույլ գնաճային:  

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին եւ կպահպանվի դրա շրջանակում: