Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` դեկտեմբերի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը եւ պատրաստ է փոխշահավետ հիմունքներով առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:
Հայ-էստոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:




























