Դեկտեմբերի 11-ին Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists, CPJ) հրապարակել է  2012թ. տարեկան զեկույցը, ըստ որի աշխարհի տարբեր երկրների  բանտերում ռեկորդային թվով` 232 լրագրող է հայտնվել: Այս ցուցանիշը նկատելիորեն ավելացել է 2011թ. համեմատ, երբ բանտերում պահվում էր 179 լրագրող:

CPJ –ը «Մամուլի վատագույն բանտապահներ» է համարել  Թուրքիային, Իրանին եւ Չինաստանին: Տարբեր մեղադրանքներով այդ երկրներում  բանտերում են գտնվում համապատասխանաբար 49, 45 եւ 32  լրագրող: Ցուցակում են նաեւ Էրիթրեան, Սիրիան, Վիետնամը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ուզբեկստանն ու Սաուդյան Արաբիան:

Նշվում է, որ Թուրքիայում  բանտարկվել են քրդական պարբերականների խմբագիրներն ու լրագրողներն, ովքեր մեղադրվում են ահաբեկչության  եւ հակապետական դավադրությունների մեջ:

Ինչ վերաբերում է վատթարագույն ցուցանիշով յոթերորդ տեղն զբաղեցնող Ադրբեջանին, ապա այստեղ ձերբակալված է իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված առնվազն ինը լրագրող: Նրանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել` սկսած թմրանութ պահելուց մինչեւ խուլիգանություն: Կոմիտեն եկել է այն եզրահանգման, որ մեղադրանքները սարքված են` լրագրողներից վրեժխնդիր լինելու համար: