Հյուսիսային Կորեայի «Ընհա-3» հրթիռը մեկնակել է  «Սոհե» տիեզերակայանից, նրան կցված է արհեստական  «Քվանմենսոն-3» արբանյակը:

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել է, որ հեռահար հրթիռը հաջողությամբ արձակվել է, «Քվանմենսոն-3» արբանյակի երկրորդ տարբերակն «Ընհա-3» հրթիռակրի օգնությամբ  դուրս է բերվել պահանջված ուղեծիր:
Ճապոնիայի կառավարությունը եւ Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են հրթիռի արձակման փաստը: Տոկիոյում նշել են, որ  «Ընհա-3»-ը Օկինավա նահանգն անցել է տեղական ժամանակով առավոտյան  ժամը 10.01-ին (Երեւանի ժամանակով` կեսգիշերին մոտ):

Չնայած որ Ճապոնիայում ՀՀՊ հզոր համակարգ էր տեղակայված, այն չեն ակտիվացրել, հայտնում է BFM.RU-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Ընհա-3»-ը տեղակայվել էր  ԿԺԴՀ-ի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Սոհե» տիեզերակայանում: Նախօրեին հայտնել էին, որ այն վերանորոգում են պահեստ տեղափոխելու համար: Չնայած որ տեխնիկական անսարքությունների պատճառով հրթիռի մեկնակը հետաձգվել էր, արդյունքում այն իրականացրել են նախապես  նշանակված ժամկետում, հայտնում է  vesti.ru-ն:

Արձակելուց 10 րոպե անց հրթիռակրի առաջին աստիճանը նախատեսվածի պես  ընկել է Դեղին ծովը, մեկ րոպե անց հրթիռի այլ մասերն ընկել են  Արեւելյան-Չինական ծովը, երրորդ անկումը գրանցվել է Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպիններից 300 կմ հեռու:

ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պնդում են, որ ԿԺԴՀ-ի գործողություններն արգելված բալիստիկական հրթիռների փորձարկումներ են, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ գործակալության` Տոկիոն ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ է պահանջել, եւ այն կարող է տեղի ունենալ հենց այսօր: