Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին բացառում է Վրաստանի վերադարձն ԱՊՀ։ Նա այդ մասին հայտնել է «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում։

Հիշեցնենք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրոպական եւ ասիական մեդիաների ֆորումի շրջանակում ԱՊՀ, Բալթիայի երկրների եւ Վրաստանի Գլխավոր խմբագրերի ակումբի  անդամների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առավելագույն ջանքեր կգործադրի Վրաստանի ԱՊՀ վերադարձի ուղղությամբ, եւ դրա համար պատրաստ է վրացական ղեկավարության առաջ ծնկի իջնել:

«Երբ մենք ԱՊՀ-ում էինք, Ռուսաստանը հենց այդ ժամանակ գրավեց մեր տարածքները եւ Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչեց: Այդ պատճառով էլ ԱՊՀ վերադառնալու ոչ մի հիմք չկա, դա բացառվում է», - հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա` «Վրաստանն արդեն շրջել է այն էջը, որտեղ գրված էր ԱՊՀ», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ Վրաստանն ԱՊՀ չի վերադառնա, եւ այդ հարցը չի քննարկվում: