Լիբիայի ռազմական դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Անցումային ազգային խորհրդի նախկին ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլին:  Նա մեղադրվում է իշխանական դիրքի չարաշահման եւ ազգային միասնության պառակտման մեջ:

Բացի դրանից, Ջալիլը հարցաքննվել է  Լիբիայի ազատագրական բանակի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթահ Յունիսի սպանության գործով, որը 2011 թ. հուլիսին զոհվել էր անհայտ հանգամանքներում, հայտնում է AFP-ն: Ջալիլին գրավի դիմաց բաց են թողել, սակայն արգելել են երկրից բացակայել: Նա  Բենգազիի ռազմական դատարանում պատասխան կտա 2013թ. փետրվարին, հաղորդում lenta.ru-ն:

Մուամար Քադաֆիի կառավարման օրոք անվտանգության նախարար Աբդել Ֆաթահ Յունիսը Լիբիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո անցել էր ապստամբների կողմը:  Որոշ ժամանակ անց ԱԱԽ-ի ղեկավարները որոշել էին հարցաքննել Յունիսին ռազմական գործողությունների մի շարք անհաջողությունների վերաբերյալ: Սակայն այդ հարցաքննությանը ներկայանալու ճանապարհին Յունիսը եւ նրա երկու օգնականներն սպանվել էին, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ջալիլի գլխավորած ԱԱԽ-ն ձեւավորվել էր 2011թ. փետրվարին Բենգազիում: Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարի ժամանակ ԱԱԽ-ն միավորեց ընդդիմության ուժերը, իսկ Քադաֆիի տապալումից հետո սկսեց իրականացնել իշխանության բարձրագույն մարմնի դերը:

2012թ. օգոստոսին ԱԱԽ-ն Լիբիայում իշխանությունը հանձնեց ընտրված խորհրդարանին` Ազգային գլխավոր կոնգրեսին: