Ֆլորիդայում մահապատժի է ենթարկվել դեռեւս 1986թ. ինը մարդու սպանած ոստիկանը։ 56-ամյա Մանուել Պարդոյին մահացու ներարկման են ենթարկել։ Մահապատժից առաջ վերջին ընթրիքին նա բանջարեղենով պատրաստված բրինձ է կերել, տապակած խոզի միս, դդումով թխվածք եւ կուբայական սուրճ, գրում է Associated Press-ը։
Պարդոն 1979թ. ճանապարհային ոստիկանությունից հեռացվել էր տուգանքային կտրոնները կեղծելու համար, ինչից հետո աշխատանքի էր անցել Ֆլորիդայի շրջաններից մեկի ոստիկանական բաժանմունքում։ 1985-ին գործընկերոջ նկատմամբ հարուցված գործում կեղծ ցուցմունքի համար վերջնականապես հեռացվել էր իրավապահ մարմններից։
1986թ. Պարդոն 92 օրվա ընթացքում ավազակային հարձակումների շարք էր իրագործել եւ սպանել երեք կնոջ, վեց տղամարդու։
Ոստիկանությունը հանցագործին բռնել էր, երբ վերջինս փորձել էր օգտվել զոհերի բանկային քարտերից։ Խուզարկության ընթացքում նրա տանը գտել էին զոհերի նկարներով օրագիր եւ իր հանցանքների մասին թերթերի հրապարակումները։
Պարդոյի զոհերի մեծ մասը ընդգրկված էին թմրանյութերի տարածման գործում։ Պարդոն դատարանում հայտարարել էր, որ նրանց սպանելով հանրությանը ծառայություն է մատուցել, գրում է lenta.ru-ն։
Պարդոյի մահապատիժը Ֆլորիդայում 2012թ. ընթացքում արդեն երրորդն էր։



























