ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ուղեծիր են հանել նոր X-37B անօդաչու սարքը:
Atlas V հրթիռակրից X-37B-ն բարձրացվել է Կանավերալի Քենեդու անվան Տիեզերական կենտրոնից, հայտնում է Flightglobal-ը:
Lenta.ru-ն գրում է, որ X-37B անօդաչու սարքերը մինչ այժմ ուղեծրային երկու թռիչք են իրականացրել. առաջինը 2010-ի ապրիլին, երկրորդը՝ 2011թ. մարտի 5-ից մինչեւ 2012թ. հունիսը: Երկու թռիչքներն էլ հաջող էին անցել:
X-37B-ի առաջադրանքները գաղտնի են պահվում: Չհաստատված տվյալներով՝ ԱՄՆ-ն ստուգում է հետախուզական նոր սարքի աշխատանքը, նաեւ՝ տարողունակությունը:
X-37B-ի երկարությունը 8,8 մ է, թեւերի բացվածքը՝ 4,5 մ: Թռիչքային զանգվածը մոտ հինգ տոննա է, ուղեծրում մնալու հնարավորությունը՝ 270 օր:





























