Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմում, տեղեկացնում է «Asbarez»-ը: Դեսպանը նախ հանդիպում է ունեցել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, հետո` հոգեւոր խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն սկսել է «United Armenia Fund»-ի նախագահ եւ «California Courier»-ի խմբագիր Հարութ Սասունյանի ողջույնի խոսքով, որից հետո թեմակալ առաջնորդը հանդես է եկել խոսքով`անդրադառնալով Հայաստանում երկրաշարժի 24-րդ տարելիցին եւ հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին:
Դեսպան Հեֆերնը ներկայացրել է դասպանության առաքելության նպատակները, որոնք ուղղված են Հայաստնում ժողովրդավարության աջակցությանը, երկրի բարգավաճմանն ու անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ խոսել դեսպանատան կողմից իրականացված աշխատանքների մասին:
Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդը դեսպանին նվիրել է «Կիլիկիայի հայկական փրկված գանձեր» գիրքը, իսկ նրա տիկնոջը` մարգարտե խաչ:




























