Հայաստանից գնացած Մերուժան Պետրոսյանը Մոսկվայի շինարարական շուկաներից մեկում կեղծ շինանյութերի վաճառք էր կազմակերպել: Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել են պահեստ եւ ընդհատակյա արտադրամաս:
Ստուգողական գնումների արդյունքում 158 հազար ռուբլով ձեռք է բերվել 280 կանիստր ծառապաշտպան միջոց: Վաճառողները հատկացրել էին գնված ապրանքի համաճարակաբանական եզրակացության պատճենը՝ երաշխավորված գոյություն չունեցող ընկերության կողմից: Գնված նյութերն ուղարկվել էին փորձաքննության, եւ պարզվել էր, որ դրանք շատ կողմերով չեն համապատասխանում ստանդարտներին:
Պարզվել է, որ Մերուժան Պետրոսյանը հայրենիքում քանիցս դատվել է: Մոսկվա գալով՝ մասնագիտացել է շինանյութերի ընդհատակյա արտադրության գործում եւ արդեն ենթարկվել էր պատասխանատվության՝ ապրանքանշանն ապօրինի կիրառելու համար, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ընդհատակյա արտադրամասն աշխատում էր բացառապես պատվերով, բանվորները Հայաստանից եւ Տաջիկստանից ներգաղթածներ էին: Պատրաստի արտադրանքը պահվում էր նկուղներում: Այդ բոլոր նյութերը կեղծ փաստաթղթերով ուղարկվում էին մայրաքաղաքի շուկաներ:




























