Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր մասնակցել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում` անվտանգ քիմիկատների կառավարում» խորագիրը կրող միջոցառմանը: Բնապահպանության նախարարությունից հայտնում են, թե այս ծրագիրը իրականացվում է Հայաստանի բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, որը  նպատակ ունի  ժամկետանց պեստիցիդների եւ, հատկապես, կայուն օրգանական աղտոտիչների պաշարների ոչնչացման արդյունքում մարդու առողջությանը եւ շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցության կրճատումը, ինչպես նաեւ վարակված տեղանքների աղտազերծումը:

Ծրագրի համակարգողը բնապահպանության նախարարությունն է: Պետք է նշել, որ ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական ղեկավար խորհուրդ՝ շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական հաստատությունների, հասարակական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ: Նախատեսվում է նաեւ լայնածավալ ծրագրային առաջարկն ու խորհրդակցությունների միջոցով համաձայնեցվի շահագրգիռ կողմերի հետ:

Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով ներկաներին՝ կարեւորել է ծրագրի մեկնարկը:

«Հայաստանը միջազգային կազմակերպությունների եւ կոնվենցիաների անդամակցության շրջանակներում բավականին լուրջ պարտավորություններ է ստանձնել եւ այս գործընթացը երկար տարիներ է ինչ  շարունակվում է: Կայուն օրգանական աղտոտիչները բոլոր երկրներում ունեն լուրջ ազդեցություն մարդու առողջության վրա: Անհրաժեշտության կա ուսումնասիրել եւ մշակել դրանց ոչնչացման եղանակները: Պետք է մշակել այն մեթոդաբանությունը, որը կհանգեցնի այդ թափոններին անվտանգ փաթեթավորմանը, տեղափոխմանը եւ ոչնչացմանը: Մենք կկարողանանք այնպիսի հիմքեր ստեղծել, որպեսզի պահպանենք մարդու առողջությունը»,- նշել է բնապահպանության նախարարը:

Արամ Հարությունյանը հույս է հայտնել, որ այն ժամանակցույցը, որ մշակված է նախօրոք չի շեղվի իր ընթացքից:

Նախարարը հայտնել է, որ ծրագրում նշված է ժամկետանց եւ օգտագործման համար ոչ պիտանի պեստիցիդների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի ոչնչացումը: Այդ Խնդրի իրականացման նպատակով ի դեմս Բնապահպանության նախարարության, ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը ֆինանսավորվել է 4,7 մլն դոլար արժողությամբ լայնածավալ ծրագիր` ուղղված նշված հիմնախնդիրների լուծմանը:

Միջոցառմանը մասակցում էր նաեւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոն, ով նույնպես իր վստահությունն է հայտնել ծրագրի հաջող իրականացման վերաբերյալ: