Ադրբեջանում հուսալքված կինը սպառնում է սպանել սեփական երեխային եւ ինքնասպան լինել:

Vesti.Az-ը հայտնում է, որ Շաբրանի շրջանի Աղալըգ գյուղի վթարային շենքի բնակիչներն արդեն բավական ժամանակ է ստիպված են ապրել վրաններում: Հուսալքված բնակչուհի Սեւիլ Վերդիեւան սպառնում է դիմել ծայրահեղ քայլերի:

«Եթե մի քանի օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, կսպանեմ ինձ էլ, երեխայիս էլ», - հայտարարել է Վերդիեւան: Նման քայլի նրան դրդում են վրանային կյանքի անտանելի պայմանները: Որոշ ժամանակ առաջ այդ գյուղում երկհարկանի բնակելի շենքը բնակության համար ոչ պիտանի էր դարձել, եւ 11 ընտանիք մնացել է առանց տանիք: Ըստ բնակիչների՝ ժամանակավոր կացարանները տաքացնելու համար նրանք ստիպված են վառել հին տների փայտե  ծածկերը: Իսկ ցուրտ ձմեռը դեռ առջեւում է: Բացի դրանից, վրաններն ամառային են, դրանք չեն կարող պաշտպանել անձրեւներից: