Չնայած որոշ տարաձայնություններին, մոնիտորինգի խմբի աշխատանքը դրական մեծ նշանակություն է ունեցել կրթության եւ գիտության նախարարության համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին գերատեսչության՝ կրթական հատուկ հաստատություններում մոնիտորինգ անցկացնող հանրային խմբի աշխատանքի արդյունքներին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է հատուկ սոցիալական խմբերին պատկանող երեխաներին ընտանիքներից չկտրելը: «Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի երեխան պաշտպանված լինի», - նշել է նախարարը: Անդրադառնալով մոնիտորինգի խմբի գործունեությանը՝ նա ընդգծել է, որ  դրա գոյությունը միանգամայն արդարացված է:  «Մոնիտորինգի խմբի ուսումնասիրությունները հաջորդ տարվա աշխատանքային ինքնատիպ ծրագիր կդառնան՝ հատկապես հատուկ դպրոցների եւ ուսումնական հաստատությունների գծով», - ասել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել այդ ոլորտի ֆինանսավորման վերանայմանը: 

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը դիմել է Եվրոպայի խորհրդին եւ այդ ոլորտում  նախագծերի ֆինանսավորման պատրաստակամության  դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ մոնիտորինգի խումբը կկրի:  «Մենք պարտավոր ենք երեխաների սոցիալական պայմանները բարելավելու եւ կրթություն ստանալու նրանց իրավունքն իրականացնելու մեխանիզմներ ստեղծել», - եզրակացրել է նախարարը:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/ NEWS.am