Տարվա ընթացքում կրթական հատուկ հաստատությունների որոշ խնդիրներ լուծվել են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին գերատեսչության՝ կրթական հատուկ հաստատություններում մոնիտորինգ անցկացնող հանրային խմբի աշխատանքի արդյունքներին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են շենքային պայմանների, տեխնիկական բազայի եւ սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանման ուսումնասիրության արդյունքները: Շեշտադրվել են որոշ խնդիրներ, որոնք լուծել են մի քանի տնօրեններ:
Ըստ մոնիտորինգի խմբի զեկույցի՝ կարեւորագույն խնդիրներից մեկը վերաբերում է հատուկ դպրոցների բուժկետերին: Դրանք ապահովված չեն անհրաժեշտ դեղամիջոցներով, իսկ որոշ բուժկետերում էլ հայտնաբերվել են ժամկետանց դեղեր:
Զեկույցում նշվում է, որ կրթական հատուկ հաստատություններում բավական անհագստացնող է անձնական հիգիենային հետեւելու խնդիրը: «Հաստատությունները երեխաների համար բավարար քանակությամբ լոգարաններ չեն սարքում՝ այդպիսով էականորեն սահմանափակելով երեխաների անձնական հիգիենայի կարիքների բավարարումը»:




























