Իրանն անտեսանելի թանաքի ստեղծման նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որը կարող է կիրառվել ռազմական նպատակներով եւ անվտանգության ապահովման ոլորտում, հայտնում է ISNA-ն:

Նոր հայտնագործության մասին Թեհրանում անցկացվող էլեկտրոնիկայի 18-րդ «Elecomp» ցուցահանդեսի ընթացքում պատմել է քարթրիջներ արտադրող «System Sakht» իրանական ընկերության տնօրեն Ալիռեզա Քամքարը:

Նա հայտնել է, որ ընկերությանը հաջողվել է ստեղծել անտեսանելի թանաքով քարթրիջ եւ պատենտավորել այն: Նոր հայտնագործությունն ստացել է Իրանի «Շարիֆ» համալսարանի հավանությունը եւ Իրանում պաշտոնապես գրանցված պատենտ:  Չբացահայտելով մանրամասները՝ Քամքարը նշել է, որ տվյալ թանաքով  կարող է տպվել ինչպես տեքստը, այնպես էլ նկարները: Ներկայումս ընկերությունը հաճախորդներ է փնտրում, եւ ապագայում այդ քարթրիջների զանգվածային արտադրության հավանականություն կա: