Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի հիշում, թե վերջին անգամ էլ երբ էր իր հասցեին նման անհեթեթություն հնչել, ինչպես նախկին մարզպետի հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը արձագանքելով մամուլում տեղ գտած Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի այն մեղադրանքին, թե մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը Ալիկ Սարգսյանը գրպանել է եւ դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա:
«Ավելի մեծ անհեթեթություն ես չէի լսել: Ի՞նչ կարծիքի եք` ես այն մարդն եմ, որ պետական գումարից մի կոպեկ ձեռք գցեմ իմ անձնականի համար: Ինչքան դու կապ ունես դրա հետ, այնքան էլ ես: Ինձ ճանաչողները գիտեն, որ դա ես չեմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է «Նոր Արտաշատ» ռեստորանին, Սարգսյանն ասաց, որ դա իր եղբայրն է աշխատեցնում : «Ի՞նչ է, որ ես միջոցառումներին գնում եմ այնտեղ նշանակում է, որ ես դրա հետ կապ ունե՞մ»,- նշեց Ալիկ Սարգսյանը: Դիտարկմանը, թե իր անձի շուրջ խոսակցությունները, մեղադրանքները չեն հանդարտվում ժամանակի ընթացքում, նա ասաց.«Պարզվում է ավելի մեծ հետաքրքրություն եմ ներկայացնում որոշ մարդկանց համար եւ սպասում են մի առիթի, որ քար նետեն: Բայց կարծում եմ, որ դրանք անհեթեթ թույլ քամիներն են, որոնք ինձ վնասել չեն կարող»:





























