Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունները խաբում են հանրությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սոնա Շահնազարյանը, իրավաբան Արթուր Գրիգորյանը եւ բնապահպան Թեհմինե Ենոքյանը:

Ըստ ակտիվիստների՝ իրենք ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել են, որ Նորաշենիկ գետի ափամերձ գյուղերում արտադրված գյուղմթերքները գործածության համար պիտանի չեն: «Նորաշենիկ գետը եւ նրա մերձակայքը այնքան աղտոտված էին, որ վատ զգացի, չկարողացա այնտեղ նկարահանումներ անել: Երեւան վերադառնալով՝ իմ վիճակն ավելի վատացավ, ավելին, ինձ մոտ առաջացավ սրտխառնոց եւ փսխում: Դիմելով հիվանդանոց՝ իմացա, որ իսկապես թունավորվել եմ», - պատմել է բնապահպան Թեհմինե Ենոքյանը:

Սակայն  հանքարդյունահանող ընկերությունները հրաժարվում են որեւէ փոխհատուցում վճարել, իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Արծվանիկ թափվող թափոնները գնահատում է որպես 5-րդ կարգի, որոնք  շրջակա միջավայրի համար վտանգ չեն ներկայացնում: Սակայն նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Աղտոտված Նորաշենիկ գետը  տեղի գյուղերի համար ոռոգման աղբյուր է, սակայն որքան էլ տարօրինակ է, այնտեղ դիտարկում չի արվում: 

Ակտիվիստ բնապահպանները նաեւ հավելել են, որ 2006թ. սկզբից «Մեգոգոլդ» ՓԲԸ-ն շահագործում է «Թուխմանուկ» ոսկու հանքը եւ ներկայացրել է թափոնների երրորդ պահոցի կառուցման  նախագիծը: Սակայն նախագծում ոչ մի խոսք չկա ծանր մետաղների մասին: Այնուամենայնիվ, բնապահպանների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հանքարդյունահանող ընկերության  թափոնների պահոցի տարածքում կան ծանր մետաղներ՝ մկնդեղ, կապար եւ արճիճ:

Ակտիվիստ բնապահպանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ցույցեր կազմակերպել, ինչպես նաեւ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան: