Հայաստանում որեւէ խոշոր կապիտալ իշխանությունից հեռու չի կարող լինել եւ անմիջականորեն ենթարկվում է իշխանությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու եւ, ոչ մեկի չսատարելու որոշմանը:
«Բայց այստեղ ես մեկ խնդիր եմ տեսնում: Այնուամենայնիվ ԲՀԿ-ն իր կազմով երկրորդ խմբակցությունն է խորհրդարանում եւ, ըստ իրենց, մոտ կես միլիոն ընտրող ունեն: Հիմա հարց է առաջանում, թե նմանատիպ քաղաքական ուժը ինչպես կարող է քաղաքական դիրքորոշում չունենալ այսպիսի կարեւորագույն քաղաքական միջոցառման հետ կապված»,- հարցրեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը «Ժառանգության» վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, որովհետեւ «Ժառանգությունը» իր գիծը ունի եւ դրա սպասարկմանը ուղղված աշխատանքներն են կատարում:Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանի ընտրողները, որպես իշխանությանը այլընտրանք իրենց ձայնը տան Րաֆֆի Հովհաննիսյանին, Մարտիրոսյանն ասաց. «Այն ձայները, որոնք տրվել են Գագիկ Ծառուկյանին, դրանց մեծ մասը ընդդիմադիր դաշտի ձայներն են եղել եւ բնականաբար այդ էլեկտորատը վերակողմնորոշվելու խնդիր է ունենալու: Ես կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռք է բերելու այն ձայները, որոնք հենց իրենն են եւ ոչ մեկ ուրիշինը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























