Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հավատարիմ մնան Լեռնային Ղարաբաղի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստի իրենց պարտականություններին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը՝ մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացումը:
«Երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան Մինսկի խմբի համատեքստի իրենց պարտականություններին: Այդ պարտականությունները ներառում են ուժի կիրառման անթույլատրելիության կարեւոր սկզբունքներ, անհրաժեշտ է նաեւ խուսափել հարցի քաղաքականացումից: Ամեն դեպքում, որոշումը պետք է կայացվի միջազգային իրավունքի գործող նորմերի հիմքով», - ասել է Մլադենովը, հայտնում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը, նրա շվեդ գործընկեր Կառլ Բիլդտը եւ Լեհաստանի ԱԳՆ-ի ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին դեկտեմբերի 12-ին եռօրյա շրջագայություն են սկսել Հարավային Կովկասի երկրներում:





























