ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նշանակված է 2013թ. հունվարի վերջին: Հանդիպումը կկայանա Փարիզում: NEWS.am-ի թղթակիցը սույն տեղեկատվությունը ճշտել է Հայաստանի ԱԳՆ-ից:
Եկող տարեսկզբին սպասվող հանդիպման մասին հայտարարվել է Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հանդիպման ընթացքում: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ների ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություններով:





























