Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 12-ին  մերժել է ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի եւ լրագրող Ռուբեն Գրդզելյանի դեմ գործով վերաքննիչ բողոքները եւ անփոփոխ թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի  հոկտեմբերի 9-ի դատավճիռը:

Վերջինս՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ճանաչել եւ հռչակել էր ամբաստանյալ Ռուբեն Գրդզելյանի անմեղությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) առաջադրված մեղադրանքում  եւ նրան արդարացրել`  հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանը ամբաստանյալ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ դատապարտել նրան տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, գործը վերաքննիչ դատարանում քննվում էր Ալբերտ Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի եւ տուժող Մեսրոպ Մանրիկյանի բողոքների հիման վրա: Բողոքներում կողմը միջնորդում էր բեկանել Ռ. Գրդզելյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ: Միաժամանակ նույն կողմը մեկ այլ բողոքով միջնորդում էր բեկանել հիշյալ դատարանի` Ալբերտ  Մանրիկյանի նկատմամբ  տուգանք նշանակելու մասին դատավճիռը եւ այդ մասով քրեական գործով վարույթը կարճել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին Երեւանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դաժան ծեծի էին ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Միջադեպը տեղի էր ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:

Ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել  Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրդզելյանին, ով արդեն գտնվել է գետնին:

Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում: Մանրիկյանին այդ դեպքից հետո ազատել էին պաշտոնից: