«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունը անակնկալ չէր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հավելելով, որ վերջին օրերի իրադարձությունները եւ լրատվական արտահոսքը վկայում էին այդ մասին:

«ՀՅԴ-ի կողմից նախաձեռնված միասնական քաղաքական օրակարգի շուրջ բանակցությունները պայմանավորված չէին որեւէ անձով, որեւէ հնարավոր կամ անհնար թեկնածուով, այդ թվում` պարոն Գագիկ Ծառուկյանով: Բայց ակնհայտ է նաեւ, որ երբ ԲՀԿ-ն դուրս է գալիս խաղից, բնականաբար, նոր տեղաշարժեր եւ զարգացումներ են հնարավոր»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Բոլոր այն վերլուծաբաններին, որոնք միասնական դաշտի ձախողման մեջ մեղադրում են Դաշնակցությանը, նա խորհուրդ է տալիս ամեն մեկին մեղքը փնտրել իր մեջ: ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որոշում կկայացնի  առաջիկայում կայանալիք Գերագույն ժողովին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել եւ նշել էր, որ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածուին եւ չի սատարելու որեւէ մեկին: