Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա օգնական Բելլա Կարապետյանը:

Վարդան Օսկանյանը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը` նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու եւ ոչ մեկին չսատարելու մասին, ինչպես նաեւ իր` նախագահական ընտրություններին թեկնածությունը առաջադրելու հավանականության մասին:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ապա, օգնականը նշեց, որ «դրանք իրականությանը չեն համապատասխանում»:

«Եթե պարոն Օսկանյանը ասելիք ունենա, առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բելլա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել եւ նշել էր, որ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածուին եւ չի սատարելու որեւէ մեկին: