Հայաստանը մեծ հաջողությունների է հասել կիսահաղորդիչների նախագծման ոլորտում։ Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց «Synopsys Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ ավելացնելով, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոտում Հայաստանի հաջողությունների հիմնական մասը հենց կիսահաղորդիչների նախագծմամբ են պայմանավորված։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ալգորիթմը շատ պարզ է, Հայաստանը հաջողություններ է գրանցում կիսահաղորդիչների նախագծման սեգմենտում, ուրեմն պետական աջակցությունը պետք է ուղղվի հենց այս ոլորտին, ոչ թե ամբողջ ՏՏ-ին»,- կարծիք հայտնեց ընկերության տնօրենը՝ ավելացնելով, որ պետական այրերը հաճախ են խոսում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի համար գերակա ուղղություն է, բայց չեն որոշակիացնում, թե տեղեկատվական տեխնելոգիաների հատկապես ո՞ր ուղղությանն է աջակցություն լինելու։ «ՏՏ ոլորտը հսկայական է, եւ շատ դժվար է ամերիկյան կամ հնդկական ընկերությունների հետ մրցակցել ծրագրավորման ոլորտում, այդ պատճառով կառավարությունը պետք է որոշակիացնի աջակցությունը»,- նշեց Հ.Մուսայելյանը՝ նկատելով, որ մի քանի տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է 500 աշխատատեղ ստեղծել, որտեղ աշխատում են որակյալ մասնագետներ։
Նրա խոսքով՝ պետական աջակության դեպքում, այդ թիվը մի քանի տարի հետո հնարավոր է տասնապատկել։ Անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, հարկային արտոնություններ եւ ենթակառուցվածքի ստեղծում։
«Հայաստանի բուհերն այսօր այնպիսի մասնագետներ չեն պատրաստում, որ ուսումն ավարտելուց ու աշխատանքի անցնելուց հետո արտադրանք տան։ Խնդիրը ընկերությունը լուծում է իր միջոցներով՝ համագործակցելով բուհերի հետ»,- տեղեկացրեց Հ. Մուսայելյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում 4 բուհերի հետ են համագործակցում, իսկ այս տարի Հայաստանի ճարտարագիտական համալսարանում կիսահաղորդիչների նախագծման ամբիոն է բացվել, որը գտնվում է «Synopsys Armenia»-ի շենքում, եւ ուսանողները առաջին կուրսից արդեն մասնագիտանում են չիփ-դիզայնի ուղղությամբ։




























