Վենեսուելայի իշխանությունները հերքել են Ուգո Չավեսի մահվան մասին լուրերը, որը վերջերս հերթական վիրահատությանն էր ենթարկվել: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Դյոսդադո Կաբելյոն հայտարարել է. «Կոլումբիայում հայտնում են նախագահի մահվան մասին, սակայն դա սուտ է», եւ հավելել է, որ «սահմանից այն կողմ լուրերը տարածում են միտումնավոր»:
Չավեսի առողջական վիճակի մասին համաքաղաքացիներին պարբերաբար պատմում է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Իր վերջին ելույթում նա հայտնել էր, որ նախագահի վիրահատությունը «շատ բարդ էր» եւ «դրանից հետո ապաքինումը կլինի դժվար եւ դանդաղ», հաղորդում է ՆՏՎ-ն:
«Հույսներս Ուգո Չավեսի ֆիզիկական եւ հոգեկան ամրությունը եւ բժիշկների ջանքերն են: Բժիշկները հայտնում են, որ հիվանդի վիճակը կայուն է», - ասել է նա, մեջբերում է «Վզգլյադը»։
Հիշեցնենք, որ Չավեսը վիրահատվել էր Հավանայի հիվանդանոցում, վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, այժմ նա հետվիրահատական ապաքինման փուլում է:





























