McAfee հակավիրուսային ծրագրի հեղինակ Ջոն Մաքաֆին Գվատեմալայից ուղարկվել է ԱՄՆ։ Նա ձերբակալվել էր Գվատեմալայի սահմանն ապօրինի հատելու համար: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մայամիում:
Վայրէջքից ամիջապես հետո դաշնային պաշտոնյաները Մաքաֆիին տարել են հետնամուտքով, որպեսզի նա չհայտնվի լրագրողների տեսադաշտում:
Գվատեմալայից մեկնելուց առաջ, ABC News-ին վկայակոչելով գրում է utro.ru-ն, Մաքաֆին հայտարարել է. «Ես ազատ եմ: Ես պատրաստվում եմ մեկնել Ամերիկա: Ես փախել եմ ջունգլիներով, գետերով եւ օվկիանոսներով եւ կարծում եմ, որ պետք է մի փոքր հանգստանամ: Եւ ես յոթ օր բանտում եմ գտնվել»:
Մաքաֆին իրեն սպանության մեջ կասկածող Բելիզի իշխանություններից թաքնվելու համար ընկերուհու հետ հատել էր Գվատեմալայի սահմանը: Գվատեմալայի իշխանությունը հրաժարվել էր նրան ապաստան տրամադրելուց եւ մտադիր էր հանձնել Բելիզին, սակայն դեկտեմբերի 12-ին որոշվել էր, որ նա ԱՄՆ կուղարկվի:
Մաքաֆին պնդում է, որ իր հարեւան Գրեգորի Ֆոլին սխալմամբ սպանել է վարձու մարդասպանը, որի թիրախն իրականում հենց ինքը Մաքաֆին էր: Կամ էլ դիտմամբ է սպանել՝ մեղքը Մաքաֆիի վրա գցելու համար. վերջինս լարված հարաբերություններ ունի տեղի կիսաքրեական քաղաքական գործիչներից մեկի հետ։



























