Պաշտոնյաների բոլոր արտոնությունները կվերացվեն, իսկ տնտեսված միջոցները կհատկացվեն կարիքավոր բնակիչների վիճակը բարելավելու գործին։ Այդ մասին դեկտեմբերի 12-ի երեկոյան սոցիալապես անապահով անձանց հետ հանդիպման ընթացքում նշել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
«Ամառանոցները, ամեն տեսակի արտոնությունները, որոնք տրված են պաշտոնյաներին, կվերացվեն։ Գումարները ձեզ կհատկացվեն», - հավաստիացրել է վարչապետը։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իրենք փորձում են ճիշտ սահմանել առաջնահերթությունները եւ օգնել կարիքավորներին։
«Ինտերպրեսնյուզը» հայտնում է, որ սոցիալապես անապահով անձինք հրաժարվում են վճարել պետության առաջարկած բնակարանների վարձը եւ մշտական բնակության վայր են պահանջում։ Նրանք բողոքի ցույց են անցկացրել Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի դիմաց։



























