Սիրիական տարածքում ուկրաինացի լրագրողուհի Անխար Կոչնեւային առեւանգած սիրիացի զինյալները սպառնում են հարձակվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսպանատների վրա եւ այդ երկրների քաղաքացիների ջարդ իրականացնել։ Զինյալների հայտարարությունը հայտնվել է «Ուկրաինա» հեռուստաալիքի տրամադրության տակ։
Դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի ԱԳՆ-ը կոչ է արել Դամասկոսին ավելի եռանդուն գործունեություն ծավալել՝ Կոչնեւային ազատելու համար եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել, ասվում է ալիքի հաղորդագրություններում, ապա մեջբերվում է զինյալների հայտարարությունը. « Ուկրաինայի եւ Ռուսաստանի դեսպանությունները, այդ երկրների քաղաքացիները, ինչպես նաեւ իրանցիները այսուհետ մեր բոլոր ուժերի համար հանդիսանալու են որս եւ նպատակ։ Մենք կոչ ենք անում ոչ մի ուկրաինացու, ռուսի եւ իրանցու կենդանի բաց չթողնել Սիրիայից։ Մենք սա ասում ենք ի պատասխան Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության՝ ուկրաինացի լրտեսուհի Անխար Կոչնեւայի վերաբերյալ, որը զենք էր կրում եւ ռուս սպաների համար թարգմանիչ էր հանդիսանում»։
Ինչպես հայտնում է « ՌԻԱ Նովոստի»-ն,Կոչնեւան Սիրիա է մեկնել՝ այնտեղ հակամարտությունը սկվելուց հետո, աշխատել է «Utro.ru» կայքում որպես ազատ թղթակից եւ դիմավորում էր Ուկրաինայից ժամանող լրագրողներին։ Նա համագործակցում էր ռուսական շատ ԶԼՄ-ների հետ, որոնց թվում նաեւ «ՆՏՎ»-ի, «ՌենՏՎ»-ի եւ «Russia Today»-ի հետ։ Լրագրողուհու՝ կայքում տեղադրված վերջին տեսահաղորդագրման մեջ, նա հայտարարում է, թե իբր աշխատել է ռուսական հատուկ ծառայությունում։ Լրագրողուհու ընկերուհին՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դարյա Միտինան հայտարարել է, որ առեւանգողները սպառնում են Կոչնեւային գլխատել դեկտեմբերի 13-ին, եթե մինչ այդ չստանան փրկագինը։





























