Թուրքիայի սահմանին զենիթահրթիռային Patriot համալիրներ տեղակայելու հարցում Ռուսաստանի առարկումների հիմնական պատճառն այն վախն էր, որ դրանք կարող են օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, գրում է «Կոմերսանտը»: Թերթը վկայակոչում է դիվանագիտական աղբյուրին եւ փորձագետների կարծիքը, ըստ որոնց, Թուրքիայի տարածքում Patriot-ի տեղակայումը կտրուկ մեծացնում է Իրանի դեմ պատերազմի հավանականությունը:
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ սիրիական բանակի հարձակումներից պաշտպանվելու պատճառաբանությամբ Patriot համալիրների տեղակայումը կարող է քողարկված ենթատեքստ ունենալ՝ Իրանի դեմ ռազմական գործողության նախապատրաստում:
«Իրանի կողմից ցանկացած շարժում, ցանկացած սադրանք կարող է սեղմել ռազմական գործողություններն սկսելու ձգանը: Ընդ որում՝ Patriot ԶՀՀ-ի շնորհիվ Իրանը կզրկվի հակահարվածի հնարավորությունից», - կարծում է Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Պոլիկանովը:
Նրան համակարծիք է թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Ըստ նրա՝ չնայած որ Թուրքիայում վարչապետ Էրդողանի իսլամական կառավարությունն է իշխում, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են Թուրքիային ներքաշել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ եւ օգտագործել իբրեւ ռազմադաշտ: Թուրքիան դեմ չի լինի. Իրանը սիրիական վարչակարգի մերձավոր բարեկամն է, որի տապալմանն այդքան եռանդով ձգտում է հասնել Անկարան:




























