Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկին հոսպիտալացվել է ծանր վիճակում։ 89-ամյա տղամարդու մոտ քթից ուժեղ արյունահոսություն է սկսվել։ Հիմա նա ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հաղորդել է նրա կինը՝ Բարբարա Յարուզելսկան։
2008 թվականի սկզբին Լեհաստանի նախագահն արդեն հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում՝ սրտի խնդիրների եւ թոքերի բորբոքման պատճառով։ 89-ամյա գեներալն ապրում է սրտի աշխատանքը խթանող սարքով եւ ընդունում է նշանակված հատուկ դեղորայք։ Վերջին տարիներին նա իրեն լավ չէր զգում։ Անցյալ տարվա գարնանը Լեհաստանի նախկին նախագահի մոտ լիմֆոմա է ախտորոշվել, որից հետո Յարուզելսկին մի քանի անգամ անցել է քիմիաթերապիայի կուրսեր, գրում է «Բիրժեվոյ լիդեր»-ը։
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Վոյցեխ Յարուզելսկին հոսպիտալացվել է Լեհաստանում ռազմական դրություն մտցնելու 31-ամյակի օրը։
Լեհական իշխանությունները երկար տարիներ հետաքննում են 1981 թվականին Լեհաստանում ռազմական դրություն սահմանելու գործը, որը սկզբնավորեց գրեթե 3 տարի տեւած բռնապետությունը։Այդ հրամանը տվել է Վոյցեխ Յարուզելսկին, որը Լեհաստանում վերջին կոմունիստ առաջնորդն էր։
1983 թվականի հունիսի 22-ին ավարտված ռազմական դրության ընթացքում զոհվել են ավելի քան 90 մարդ, իսկ կարգի հաստատման օրը (դեկտեմբերի 13) ձերբակալվել եւ աքսորվել է մոտ 3 հազար ընդդիմադիր, այդ թվում եւ «Սոլիդարնոստ» միավորման ղեկավարները։



























