Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ  գյուղի 46-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն` նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ  համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա եւ բռնելով պարանոցից՝ փորձել է խեղդել, սակայն իր  օգնություն  կանչերից վախենալով՝ անծանոթը դիմել է փախուստի: Փախուստի պահին կինը  ճանաչել է անկոչ հյուրին՝ իր  համագյուղացին էր` 1995 թ. ծնված  Արման  Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե միջադեպի հետեւանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: