Սպառողը պետք է ուշադիր լինի ապրանքների ժամկետին։ Այս մասին դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Սպառողների ազգային միության նախագահ Մելիտա Հակոբյանը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին որոշումը մեկնաբանելով` նա նշել է, արտադրողները պետք է ավելի ուշադիր հետեւեն իրենց արտադրանքի որակին։

«Եթե նրանք երկու-երեք ամիսը մեկ իրենց արտադրանքը ստուգելու հանձնեն անկախ լաբորատորիաներում՝ այն անորակ լինել չի կարող։ Նրանք մեծ ճանապարհ են անցել՝ արտադրության պայմանները բարելավվելու համար»,- նշել է Հակոբյանը։ Եւ քանի որ սպառողը վճարում է ապրանքի համար, նա պետք է ուշադրություն դարձնի որակին, նրա բաղադրությանը եւ պիտանելիության ժամկետին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին տնտեսական մրցակցության պաշտպանության Հայաստանի Պետական հանձնաժողովը տուգանել է մի շարք մսամթերային արտադրությունների՝ անբարեխիղճ մրցակցության համար (արտադրողները պիտակի վրա չեն նշել ոչ մսային խառնուրդները, մասնավորապես սոյայի ալյուրը)։ 2011 թվականին 21 արտադրություն տուգանվել են տարեկան եկամուտի 1%-ի չափով։