Դիվանագիտական կենսաչափական անձնագրերը պետք է տպագրվեն ոչ թե ՀՀ ոստիկանության անձնագրային վարչությունում, այլ արտաքին գործերի նախարարությունում: ՀՀ կառավարությունն այսօր` դեկտեմբերի 13-ին որոշում ընդունեց ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 7.5 մլն դրամ` լեհական PWPW ընկերությանը տրամադրելու համար: Վերջինս իր կողմից մշակած կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի ծրագրային ապահովման մեջ պետք է կատարի այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կենսաչափական դիվանագիտական անձնագրերը տպագրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:
Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է օտարերկրյա պետություններում էլեկտրոնային անձնագրի համար պահպանել 65 հազար դրամ դրույքաչափը, իսկ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու պետտուրքը սահմանել 30 հազար դրամ։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։



























