Երեւանի պետական կրկեսի վերանորոգման պատճառով Դավիթաշենի «10-ից 10» հրաձգարանում պահվող ձիերից մեկը երկու օր առաջ սատկել է: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց թե  «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, թե «10-ից 10» հրաձգարանի» տնօրեն Էվելինա Խաչատրյանը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ձիու մոտ սիբիրյան խոցի ախտանշաններ են եղել: «Չեմ կարող ասել, թե ինչից է մահացել, տվել ենք բոլոր անալիզները, ստուգել են, փորձաքննություն է, մի երկու օրից կասեն, թե ինչն էր պատճառը»,-ասաց Սոս Պետրոսյանը:  Նա նշեց, որ կրկեսի կենդանիները դերասանների հետ հյուրախաղերի են, Երեւանում պահվում է ընդամենը մի քանի ձի եւ երկու լամա: Ձիերից մեկի սատկելու հետեւանքով  այժմ Երեւանի կրկեսին մնաց 3 ձի:

Հրաձգարանի տնօրեն Էվելինա Խաչատրյանը նշեց, որ նախնական տեղեկություններով` ձիու երիկամն է վնասված եղել, բայց ավելի հստակ ցույց կտա փորձաքննությունը:

NEWS.am-ի տեղեկություններով` դեպքից հետո անասնաբույժի հրահանգով «10-ից 10» հրաձգարանը փակվել է: Էվելինա Խաչատրյանը, սակայն, պնդեց հակառակը` նշելով, թե «նման բան չկա»: «Անասնաբույժը եկել է, բոլոր ձիերին, անասուններին ստուգել է, կենդանիները նորմալ վիճակում են, մենք էլ աշխատում ենք»,- ասաց նա: