Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան: Կառավարության ղեկավարը շրջել է համալսարանում եւ ծանոթացել տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համալսարանում Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհում ժամանակակից տասը լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Դարոն Աջեմօղլուի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող հարցեր:
Աջեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական hամալսարանում հանդիպել է նահանգի համալսարաններում կրթություն ստացող հայազգի ուսանողներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Կայացել է նաեւ ՀՀ վարչապետի եւ Բոստոնի հայ համայնքի հանդիպումը: Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Փիթեր Կոտունջյանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Նուբար Աֆեյանը հայրենանվեր գործունեության համար խրախուսվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:





























