Հայաստանում խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում իշխանությունները կարող են անընդհատ վերարտադրվել։ Այս մասին, այսօր` դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։ «Քանի որ Հայաստանի իշխանությունները ոչ մի դեպքում ընդդիմության հետ քաղաքական երկխոսության չեն գնա, խորհրդարանական կառավարման անցումն ի վիճակի չի լինի իշխանափոխություն ապահովել»,- համոզված է սոցիոլոգը։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ Սահմանադրության 22-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ միեւնույն մարդն իր ողջ կյանքի ընթացքում կարող է ընդամենը 2 անգամ նախագահ ընտրվել։ Իսկ մեզ մոտ այս հարցը կարգավորվում է Ռուսաստանի օրինակով, որտեղ մարդը չի կարող նախագահ ընտրվել 2 անգամ անընդմեջ ընտրվելուց հետո, իսկ դրանից հետո՝ սահմանափակում չկա։
Համաձայն Ահարոն Ադիբեկյանի՝ այդ ամենն ազդում է տարատեսակ կլանների պահպանման վրա, որոնք խոչընդոտում են ինչպես տնտեսության զարգացմանը, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեությանը։ «Իսկ կառավարության անընդհատ վերարտադրությունը միշտ հանգեցնում է քաղաքական լճացման»,- ավարտեց սոցիոլոգը։





























