Իրանն Ադրբեջանին բողոքի նոտա է ներկայացրել Բաքվում Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի (ԱԱԿ) նիստ անցկացնելու կապակցությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքի նոտան նախօրեին փոխանցել է Ադրբեջանում ԻԻՀ դիվանագիտական ներկայացուցչությունը:
Իր պաշտոնական նոտայում Թեհրանը վրդովմունք է հայտնում Բաքվում ԱԱԿ-ի անցկացման եւ Կոնգրեսի ղեկավարներից մեկի` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամհանլիի`իրանական տարածքում «Հարավային Ադրբեջան» ստեղծելուն աջակցելու մասին հայտարարության կապակցությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը (Mohsen Pakaein) «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությանը հայտնել էր, որ ԱԱԿ-ն անհարգալից է վերաբերվում Իրանի տարածքային ամբողջականությանը` հանդես գալով եղած սահմանների փոփոխության աջակցությամբ: «Նրանք արտահայտում են իրենց պատրանքները` գործածելով «Հյուսիսային Ադրբեջան» եւ «Հարավային Ադրբեջան» եզրույթները: Այդպիսով նրանք փորձում են վնասել Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններին: Բնականաբար, մեր տարածքային ամբողջականության հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն կամ անհարգալից վերաբերմունք անպատասխան չի մնա», - ընդգծել է դիվանագետը:





























