Կռիվներից եւ ամբիոնի պաշարումից հետո, Ուկրաինայի Գերագույն Ռադան ընտրեց իր նախագահին՝ 66-ամյա Վլադիմիր Ռիբակին (Ռեգիոնների կուսակցություն)։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 250 պատգամավոր։
Իր ողջույնի խոսքը ռուսերենով սկսած Վլադիմիր Ռիբակը՝ սուլոցների արժանանալով ընդդիմության կողմից` խոստացավ հետագայում հանդես գալ բացառապես ուկրաիներեն։ Նոր նախագահը օրակարգ մտցրեց նոր վարչապետի ընտրության հարցը։
Ինչպես նշում է «Ռոսբալթ»-ը, Վլադիմիր Ռիբակը Ռեգիոնների կուսակցության փոխնախագահն է։ Ընտրությունների ժամանակ նա կատարում էր կուսակցական ընտրական շտաբի ղեկավարի տեղակալի պարտականությունները։ Ավելի վաղ զբաղեցնում էր Դոնեցկի քաղաքապետի պաշտոնը։
2006 թվականի օգոստոսին՝ Վիկտոր Յանուկովիչի կառավարության ժամանակ ստանձնել է Ուկրաինայի փոխվարչապետի, շինարարության, ճարտարապետության, բնակարանային եւ կոմունալ տնտեսության նախարարի պաշտոնները։





























