Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը, որոշ տվյալներով, թույլ է տվել Իրանին Սուդանի տարածքում ռազմակայան կառուցել: Հաղորդվում է, որ ռազմակայանում իրանական հրթիռներ կտեղադրվեն, որոնք կարող են խոցել Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող թիրախները, ինչպես նաեւ սպառնալ Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի ռազմածովային բազաներին:
Սաուդյան Արաբիան, որը միլիոնավոր դոլարներ է ներդնում Սուդանի ենթակառուցվածքների զարգացմանը, ավելի վաղ սպառնացել է դադարեցնել ֆինանսավորումը, եթե Օմար ալ-Բաշիրը Սուդանի տարածքում իրանական զորքերի ֆորմալ ներկայություն թույլ տա, գրում է «Ռոսբալտը»:
Իրանը նաեւ մտադիր է ռազմածովային բազա ստեղծել Կարմիր ծովի սուդանյան ափին:
Սուդանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների վրա սեւեռուն ուշադրություն սկսեցին դարձնել հոկտեմբերին Սուդանի մայրաքաղաք Խարտումում զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած միջադեպից հետո: Սուդանի իշխանությունները մեղադրել էին Իսրայելին այդ գործարանը ռմբակոծելու մեջ, ինչը հանգեցրել էր պայթյունի եւ խոշոր հրդեհի, իսկ իսրայելցի վերլուծաբանները նշել էին, որ այդ գործարանում իրանական զենք է արտադրվում եւ պահվում:





























