Այսօր` դեկտեմբերի 13ին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) եւ Երեւանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի համատեղ միջոցառման ընթացքում ուսանողները, համալսարանի դասախոսները եւ լրագրողները նշեցին ՄԱԿ-ում արաբերենի օրը եւ խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարեւոր դերի ու ՄԱԿ-ի արժեքների եւ բազմազանության խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները վճռորոշ դեր ունեն խաղաղության, անվտանգության եւ մարդու իրավունքների առաջմղման հարցում: Հայ ուսանողների հետ մենք նշում ենք ՄԱԿ-ում արաբերենի օրը՝ կարեւորելով այդ լեզվի ներդրումը մշակութային եւ լեզվական բազմազանության զարգացման հարցում եւ խթանելով ՄԱԿ-ի բոլոր վեց պաշտոնական լեզուների (արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն) հավասար կիրառությունը»:

«Կարեւոր է, որ հայաստանցիները սովորեն արաբերեն, քանի որ արաբերենն ամենատարածված լեզուներից է՝ այդ լեզվով խոսում է ավելի քան 422 միլիոն մարդ, որոնց մեծամասնությունն ապրում է Հայաստանին մոտ գտնվող տարածաշրջաններում, եւ արաբերենը 22 պետության պաշտոնական լեզուն է»:

«Մենք շատ ենք կարեւորում մեր համագործակցությունը եւ ուրախ ենք իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք մեր ուսանողներին ՄԱԿ-ի աշխատանքներում ներգրավվելու, ՄԱԿ-ի արժեքների, Հայաստանում ՄԱԿ-ի կարեւոր առաքելության մասին տեղեկանալու հնարավորություն են տալիս»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ոչ միայն խոսեցին ՄԱԿ-ում արաբերենի դերի մասին, այլեւ վայելեցին արաբական պոեզիա, պարեր եւ Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության արաբերեն տարբերակի բեմականացումը՝ պատրաստված ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանողների կողմից, ինչպես նաեւ համտեսեցին արաբական ավանդական ուտեստներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ ՀՏՎ-ի եւ ԵՊՀ-ի միջեւ ստորագրված Համագործակցության ծրագրի շրջանակներում:

ՄԱԿ-ում արաբերենի օրը նշվում է դեկտեմբերի 18-ին՝ 1973 թ. այն օրը, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: ՄԱԿ ՀՏՎ-ն գործընկերների հետ 2012 թ. ընթացքում նշել է ՄԱԿ-ի պաշտոնոկան բոլոր լեզուների օրերը: