Ճապոնիայի նախկին վարչապետ Նաոտո Կանը Տոկիոյում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած ավտոպատահարի հետեւանքով աննշան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալով` վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքային շրջանի Ֆուտյու թաղամասում: Մեքենան, որում գտնվել է Նաոտո Կանը, հարվածել է մայրուղու բաժանարար պատնեշի մի քանի սյուների:
Ճապոնիայի նախկին վարչապետը, որը Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցության կազմում մասնակցում է նախընտրական քարոզարշավին, ինչպես նաեւ նրա թիմից մի քանի մարդ աննշան վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին: 480 պատգամավորներից 300-ը կընտրվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ 180-ը` կուսակցական ցուցակներով: Ստորին պալատը խորհրդականների պալատի համեմատ սահմանադրական առավելություն ունի: Կառավարության ղեկավար է դառնում ստորին պալատում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության առաջնորդը:



























