«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր տեղի են ունեցել սակարկություններ բաժնետոմսերի հարթակում: Վաճառվել են «Զարգացման հայկական բանկի» եւ «Ալմաստ» ընկերության բաժնետոմսեր:
«Ալմաստ» ընկերության բաժնետոմսերի նկատմամբ 2012 թ. պահանջարկ է ձեւավորվել դրանց զգալի արժեզրկման պատճառով: Օրինակ` 1000 դրամ անվանական արժեքով «Ալմաստի» բաժնետոմսերն այսօր վաճառվել են 600 դրամով: Վաճառվել է ընդհանուր առմամբ 3440 բաժնետոմս, որը թողարկված բաժնետոմսերի ընդհանուր քանակի մոտ 0.8%-ն է: Նշենք, որ ընկերությունը 2012 թ. աշխատում է վնասով, ինչն արտացոլված է նաեւ ընկերության ֆինանսական հաշվետվություններում:
«Զարգացման հայկական բանկի» 5000 դրամ անվանական արժողությամբ բաժնետոմսերն այսօր իրացվել են 4050 դրամով: Վաճառվել է բավական մեծ քանակությամբ բաժնետոմս` 24.8 հազ. հատ, որը թողարկված բաժնետոմսերի մոտ 3.1%-ն է:
Նշենք, որ «Զարգացման հայկական բանկի» բաժնետոմսերի մոտ 20%-ը պատկանում է (մինչ այս գործարքը) ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, մոտ 17%-ը` Արայիկ Մեխակյանին, 16%-ը` Գրիգոր Տերմենջյանին:
Առայժմ պարզ չէ` Ռուբեն Հայրապետյանը գնե՞լ, թե՞ վաճառել է իր բաժնետոմսերը:



























