Նոր տարվա նախաշեմին մսամթերքի գնաճ չի նկատվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

Ըստ նրա` վերջին 30-40 տարիների համատեքստում այս տարի Հայաստանում գրանցվել է հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակի աննախադեպ աճ՝  592 000, որը նախորդ տարվա ցուցանիշից 28 000-ով ավելի է: Ոչխարների գլխաքանակն ավելացել է 60 հազարով, իսկ խոզերինը` 108 000-ով: Խոսելով մսամթերքի գների մասին` պաշտոնյան նշել է, որ ոչխարի մսի գինը նվազել է 30%-ով` 3500 դրամի փոխարեն կազմելով 2400 - 2500 դրամ, տավարի մսինը՝ 8%-ով` 2600 – 2700 դրամի փոխարեն կազմելով 2400 – 2500 դրամ: Խոզի մսի գինն էլ  նվազել է 15%-ով`կազմելով 3000 դրամ:

«Մենք տարին կփակենք անասնաբուծության ոլորտում չորս տոկոս իրական աճի ցուցանիշով», - ասել է Աշոտ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ մսի արտադրությունը կավելանա  3,8 տոկոսով եւ կկազմի 133000 տ:

Աշոտ Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ նախորդ տարվա համեմատՀայաստանում գրեթե 4,2%-ով (630 000 տ) ավելացել է կաթի արտադրության ծավալը: Մասնագետը ձվերի արտադրության ոլորտում նշել է  3,8% (850 միլիոն հատ) աճ: Ինչ վերաբերում է Նոր տարվա նախաշեմին ավանդական գնային տատանմանը, Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է. մսամթերքի գների թանկացում չի նախատեսվում, բացառությամբ ազդրամսի` 8 – 10 տոկոսով: