Նյու Յորքի շրջանային դատարանը մերժել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ բազմամիլիոն հայցը: Universal Trading & Investment Co (UTICo) ընկերությունը պահանջել էր պատասխանողից 18,3 մլն դոլար բռնագանձել` «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերության հին պարտքերի դիմաց: Տիմոշենկոն 1990-ական թվականներին գլխավորել է այդ ընկերությունը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ Ուկրաինան», 1993 թվականին Յուլյա Տիմոշենկոյի կողմից ղեկավարվող «ԿՈՒԲ LTD» ընկերությունը (հետագայում ընկերությունը դարձավ «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր») պայմանագիր էր կնքել UTICo-ի հետ` ինչ-որ երրորդ ընկերությունից միջոցների բռնագանձման մասին: Ուկրաինայի դատախազությունը, որը հետագայում հետաքննել է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգերի» գործունեությունը, պնդում է, որ «ԿՈՒԲ LTD»-ն UTICo ընկերությանը չի վճարել նրան հասանելիք կոմիսիոն վճարները:

Տիմոշենկոյի դեմ հայց ներկայացրած ամերիկյան ընկերությունը համագործակցում է Ուկրաինայի դատախազության հետ: Հաղորդվել էր, որ այն համաձայնություն ունի, որը նրան իրավունք է տալիս ԱՄՆ տարածքում ներկայացնել Ուկրաինայի դատախազության շահերը «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգերի» գործով:

2005 թվականին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի դաշնային դատարանը վճիռ է կայացրել UTICo-ի օգտին, ըստ որի ամերիկյան ընկերությունը պետք է ստանա 18,3 մլն դոլար, սակայն ընկերությանը մինչ օրս չի հաջողվել ստանալ այդ գումարը: