«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան օսկանյանը:
«Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաեւ միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները»,- գրել է Օսկանյանը եւ հավելել. «ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան, միասնական թեկնածուի հնարավորության շուրջ առաջացած բարդությունները եւ Գագիկ Ծառուկյանի`իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով եւ չսատարել որեւէ այլ թեկնածուի»։
Չնայած այն բանին, որ Օսկանյանն այլ կերպ էր պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում է ընդունված որոշումը։





























