«Միստիկ» չորեքշաբթի օրը (12.12.12) ամերիկյան Թեքսաս նահանգի 39-ամյա բնակիչն իր 6-ամյա որդու թիկունքին սուրբ խորհրդանիշ է փորագրել եւ հայտնվել վանդակաճաղի հետեւում` երեխային տանջելու համար:
Բրենթ Թրոյ Բարթելը ինքն է զանգահարել 911 ծառայություն եւ հայտնել, որ «անմեղ մարդու արյուն է հեղել»: Երբ հեռախոսավարը տեղեկացել է, որ տուժել է զանգահարողի որդին եւ հարցրել պատճառների մասին, սադիստը սկսել է պատմել իր սնահավատությունների մասին, գրում է The Huffington Post թերթը: «Դա սուրբ օր է»,-իր արարքը մեկնաբանել է Բրենթ Բարթելը:
Ընտանիքի հայրը որդուն վնասել է 2012-ի դեկտեմբերի 12-ի հենց առաջին րոպեներին:
12.12.12 ամսաթիվը սնահավատների եւ անկայուն հոգեբանություն ունեցողների մոտ սարսափ է առաջացնում: Նրանցից շատերն այդ օրն աշխարհի վերջ էին կանխատեսում:
Միստիկ տրամադրությունների գերին դարձած հայրը որդու թիկունքին հնգանկյուն է փորագրել: Այդ խորհրդանիշը հաճախ օգտագործում են նեոկռապաշտներն ու սատանիստները, հաղորդում է NEWSru.com-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ականատես են եղել, որ 6-ամյա երեխան կիսամերկ կանգնած է սենյակի կենտրոնում, իսկ նրա թիկունքին արյունոտ պատկեր է:
Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:



























